ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Երևանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնը համերգներ կներկայացնի նաև մայրաքաղաքից դուրս

Երևանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնը համերգներ կներկայացնի նաև մայրաքաղաքից դուրս
19.06.2017 | 12:53

Հունիսի 29-ից հուլիսի 9-ը Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Երրորդ տարին անցկացվող երաժշտական տոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի:


Երաժշտական տոնը կազմակերպել են Երևանի կիթառահարների և Կիթառի միջազգային փառատոնների ասոցիացիաները: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը:


Մինչ Երևանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնի մեկնարկն Արցախում կկազմակերպվի փառատոնին ընդառաջ համերգ: Գանձասարի Մատենադարանում հունիսի 27-ին կազմակերպվելիք երեկոյին Ժորա Սարգսյանի հետ ելույթ կունենա Ագուստին Պեսնոնը (կիթառ/Ֆրանսիա): Վերջինս Paris Guitar Foundation-ի նախագահն է, Փարիզի երկու կոնսերվատորիաների պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է:
Ժորա Սարգսյանը և Ագուստին Պեսնոնը հանդես կգան նաև փառատոնի բացման համերգին, որը տեղի կունենա հունիսի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
Փառատոնը, կարևորելով մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը, համերգ կունենա նաև Երևանից դուրս: Հուլիսի 1-ին Ջերմուկում համերգով հանդես կգան Ժորա Սարգսյանը, Սարո Բաբիկյանը (ԱՄՆ), Էդուարդ Հրմուշյանը (Հայաստան), Հենրիկ Մելիքյանը (Հայաստան), ինչպես նաև Հասմիկ Ասատրյանը (վոկալ/Հայաստան): Համերգը տեղի է ունենալու Շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը:
Փառատոնային հաջորդ համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Մենահամերգով հանդես կգա Վլադիմիր Կիրասիրովը (կիթառ/Ռուսաստան): Վերջինս Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դասախոս է, երեկոյի ընթացքում հանդես է գալու լուրջ ծրագրով:


Հուլիսի 5-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում կանցկացվի փառատոնային հաջորդ համերգը: Ելույթներով հանդես կգան Վաժա Կալանդաձեն (Վրաստան), Սարո Բաբիկյանը (ԱՄՆ), Էդուարդ Հրմուշյանը (Հայաստան), Հենրիկ Մելիքյանը (Հայաստան), Գեորգի Կուձանաշվիլին (Վրաստան): Համերգը յուրահատուկ է նրանով, որ երեկոյի ընթացքում կստեղծվի հայ-վրացական կիթառի նվագախումբ. մեկ երեկոյի ընթացքում հանդես կգա 20 կիթառահար: Սա բացառիկ երևույթ է տարածաշրջանում:
Փառատոնի փակումը կնշանավորվի յուրահատուկ համերգ-երեկոյով: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հուլիսի 9-ին հանդես կգան Վլադիմիր Կիրասիրովը (Ռուսաստան), Ժորա Սարգսյանը, Եվգենիա Մարկովան (Ռուսաստան), Արիկ Բամբիրը (Հայաստան), Վահագն Մարգարյանը (Հայաստան), Եվա Գևորգյանը (Հայաստան), Պերճ Նահապետյանը (Հայաստան):
Փառատոնի ընթացքում ներկայացվելու են ամենատարբեր դարաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործություններ: Կազմակերպիչներն այնպես են կազմել ծրագիրը, որ այն հետաքրքիր լինի հանդիսատեսի համար:


Փառատոնի մասնակիցները հանդես կգան նաև վարպետության դասերով, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար: Հունիսի 30-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում վարպետության դասով հանդես կգա Ագուստին Պեսնոնը: Հուլիսի 6-ին ՀԲԸՄ դահլիճում վարպետության դաս կանցկացնի Վլադիմիր Կիրասիրովը:


Փառատոնի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացաման համահայկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և YerazArt հիմնադրամը:

Դիտվել է՝ 1460

Մեկնաբանություններ